Ակբա Ֆեդերացիայի հրավերով այս տարի արդեն երկրորդ անգամ Հայաստանում է Ֆրանսիայից ժամանած փորձագետ Մարկ Լանսիենը։ Նա հայ գյուղատնտեսներին է ներկայացրել ինտենսիվ այգիները վնասատուներից ու հիվանդություններից պաշտպանելու նորարար մեթոդներ։
Ավելի քան քառասուն տարվա փորձ ունեցող մասնագետը ներկայացրել է ֆրանսիական փորձն ու պատմել վաղ փուլում հիվանդությունները հայտնաբերելու և կանխարգելելու եղանակները, որոնք, իրականում, մեծ ֆինանսական ներդրումներ չեն պահանջում։
«Այգեգործության շրջանակում Հայաստանում ամենամեծ խնդիրը խնձորենու և տանձենու հիվանդությունների կառավարումն է։ Արդյունավետության համար անհրաժեշտ է լավ ճանաչել այգու վնասատուներին, հասկանալ հիվանդությունների և միջատների զարգացման փուլերը, որպեսզի հնարավոր լինի ճիշտ որոշել, թե երբ և ինչպես կիրառել բույսերի պաշտպանության միջոցները։ Ակբա ֆեդերացիայի այս դասընթացը կարևոր է, քանի որ օգնում է գյուղատնտեսներին բարձրացնել իրենց մասնագիտական կարողությունները և ավելի արդյունավետ կառավարել իրենց այգիները»,- նշել է այգեգործական ոլորտի ֆրանսիացի փորձագետ Մարկ Լանսիենը:
«Ակբա ֆեդերացիայի նպատակն է միջազգային մասնագետների ներգրավմամբ մեր ֆերմերներին ծանոթացնել գյուղատնտեսական շատ պարզ մեթոդների հետ, որոնք դեռ Հայաստանում չեն կիրառվում։ Այս առումով Մարկի Լանսիենի այցելությունը մեծ նշանակություն ունի։ Նա ներկայացնում է վնասատուների դեմ պայքարի կենսաբանական եղանակները, մասնավորապես պայքարի օրգանական ճանապարհը՝ առանց բույսերը վնասելու։ Մասնագետը հատուկ խորհուրդներ է տալիս նաև քիմիական պայքարի կիրառման համար»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի համայնքների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու Գեղամ Ռոստոմյանը։
Ակբա Ֆեդերացիայի կողմից նախաձեռնած դասընթացների շարքը շարունակական է լինելու՝ հնարավորություն տալով գյուղատնտեսներին ժամանակին արձագանքել առաջացող խնդիրներին, նվազեցնել կորուստներն ու ապահովել առողջ բերքը։
Մանրամասն՝ տեսանյութում https://youtu.be/hNoNWzwvl4I։
