Մեղրի փառատոնը արտադրողներին և գնորդներին հնարավորություն է ընձեռել մեկ վայրում ծանոթանալու Հայաստանի տարբեր շրջաններից բերված մեղրի տեսականուն, ինչպես նաև բացահայտելու ոլորտի հեռանկարները։
«Հիմնական նպատակն է, որ գիտելիք փոխանցենք Հայաստանի բոլոր մարզերից ներգրավված մասնակիցներին, ավելացնենք մեղվաբուծության ոլորտում նրանց գիտելիքները։ Այդ նպատակով այս տարի կազմակերպել ենք դասընթացներ ֆրանսիացի մեր գործընկերների մասնակցությամբ։ Ավանդական մեթոդներով մեղվապահությամբ զբաղվելը դժվարություններ է առաջացնում. պետք են ավելի լուրջ և ժամանակակից մոտեցումներ»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի համայնքների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու Գեղամ Ռոստոմյանը:
«Ակբա Ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակում մենք ավելի գլոբալ խնդիրներ ենք լուծում. դասընթացներ իրականացնելու համար Ֆրանսիայից ներգրավում ենք մասնագետներ, իրականացնում ենք տարբեր նախագծեր, օրինակ` խելացի փեթակների ներդրում, անասնաբուժական ինսպեկցիոն համակարգի ուժեղացում և այլն»,- նշել է «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր, խորհրդի նախագահ Տիգրան Սեդրակյանը։ Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին։ Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան Հայաստանի ամբողջ տարածքում նպաստում է նորարարական գյուղատնտեսության և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը։
Մանրամասն՝ տեսանյութում https://www.facebook.com/share/v/1DxLBS5fMS/։