Eng
clear

2020 թվականի սեպտեմբերին ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ գյուղակադեմիայի նորակառույց ջերմոցում տեղադրվել է ամբողջովին ավտոմատ տնկող, ջրող, ցանող, հավաքող ռոբոտ։ Ռոբոտը տեղադրվել է ցուցադրական և փորձարարական նպատակներով՝ գյուղակադեմիայի ուսանողներին ուսուցանելու, ցույց տալու, ապագայի զարգացումներին ծանոթացնելու համար։ 

ՀԱԱՀ ուսումնափորձարարական ջերմատան բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին, բացմումը տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի մասնակցությամբ:

Նորարարական տեխնոլոգիաներով հագեցած արդիական ջերմատունը ծառայելու է Ագրարային համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն եւ կառավարում» դասընթացի մասնակիցներին՝ ուսումնական եւ հետազոտական նպատակներով, ինչպես նաեւ ֆերմերներին ու այլ շահակիցների՝ վերապատրաստման նպատակով:

Ջերմատան կառուցումն իրականացրել է Սի-Էլ-Էյ Էնջինիրինգ ընկերությունը: Նույնիսկ շինարարության, ագրոբիզնեսի եւ լանդշաֆտային դիզայնի ոլորտներում հայտնի այս ընկերության բարձրակարգ մասնագետների համար նորարարական, երկրում նմանը չունեցող ջերմատան շինարարությունը մի շարք մարտահրավերներ է պարունակել, որոնք պատվով են հաղթահարել:

Ջերմատունը կառուցվել է համալսարանի նախկին, արդեն տարիներ շարունակ չգործող ջերմատան տեղում, մեր բազմամյա գործընկեր ICARE հիմնադրամի «Ուսումնաարտադրական ջերմատան վերափոխման (վերակառուցման) աշխատանքների իրականացում» նախագծի շրջանակում: Ջերմատան կառուցումն իրականացվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ, Ճապոնիայի կառավարության Մարդկային անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակում:

ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել Ֆարմբոտ (ռոբոտային համակարգ, որն ավտոմատ կերպով տնկում է սածիլները, ջրում  բույսերը՝ երբ «զգում է» դրա անհրաժեշտությունը, ստուգում հողի վիճակը, քաղհան անում եւ այլն): Ջերմատան տեխնոլոգիական հագեցվածության հարցում ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաեւ համալսարանի եւ ICARE հիմնադրամի հավատարիմ բարեկամներ, բոստոնահայ ամուսիններ Ջուդիտ Սարյանը եւ Վիկտոր Զառուկյանը:

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ, ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանի բացման խոսքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: Ընդգծելով գործընկերությամբ կյանքի կոչված նորարարական հերթական նախագծի կարեւորությունը, փոխնախարար Մարտիրոսյանը նշեց, որ նոր ջերմատունը նշանակալից քայլ է հատկապես դուալ կրթության՝ տեսական ուսուցումը գործնականի հետ զուգակցելու առումով: Նա շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանությանը եւ նախագծին աջակցած մյուս գործընկերներին եւ շահակից կողմերին մաղթեց արդյունավետ կրթական գործընթաց:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտ Արման Խոջոյանը, ջերմորեն շնորհավորելով ներկաներին, կարեւոր համարեց այն հանգամանքը, որ ագրարային ոլորտի ուսանողը կկարողանա գիտելիքներ ձեռք բերել՝ միաժամանակ աշխատելով: Նա նշեց, որ այսօրվա իրականությունում պետք է մի քայլ առաջ լինել, որպեսզի մասնագիտական աշխատաշուկա մուտք գործելիս շրջանավարտի գիտելիքներն արդեն հնացած չլինեն: Փոխնախարար Խոջոյանն ընդգծեց, որ Ագրարայինի նորարարական ջերմատունը նոր խոսք է երկրի գյուղատնտեսության ոլորտում եւ շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանությանը, նախաձեռնության հեղինակին՝ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին, ԱԿԲԱ ֆեդերացիային, ամերիկահայ բարերարներին:

Այնուհետեւ Արթուր Գրիգորյանը խոսքը փոխանցեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային՝ նախապես նշելով, որ ջերմատան ստեղծումն անհնար կլիներ առանց դեսպանության աջակցության: Դեսպան Յամադան Ճապոնիայի կառավարության անունից ողջունեց եւ շնորհավորեց ներկաներին: Նրա խոսքով, այս նախագիծը կնպաստի գյուղատնտեսական արտադրության խթանմանը եւ ուսանողների ու ֆերմերների համար գործնական վերապատրաստման հնարավորություն կստեղծի՝ նրանց ապահովելով արդիական գիտելիքներով: Ջերմատան կառուցումը պարոն Յամադան կարեւոր համարեց նաեւ բնապահպանական եւ սննդի անվտանգության տեսակետից, քանի որ ապագա մասնագետներն այստեղ կսովորեն ճիշտ կիրառել պարարտանյութերն ու թունաքիմիկատները:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր խոսքում նշեց, որ շատերի կողմից սպասված ջերմատունը եւս մեկ կարեւոր քայլ է ուսանողակենտրոն միջավայրի ստեղծման տեսակետից: «Նման արդիական ջեմատունը տեսական եւ գործնական գիտելիքները համադրելու լայն հնարավորություններ է ստեղծում ուսանողի համար»,- նշեց պարոն Ուռուտյանը եւ հավելեց, որ ջերմատուն ոտք դրած ուսանողների առաջին խմբերից արդեն կան առաջին հիացական արձագանքները, եւ հենց դա է այս նախաձեռնության ամենամեծ գնահատականը: Ռեկտորը ներկաներին տեղեկացրեց, որ շուտով տեղի կունենան նաեւ այլ նոր, արդիական ենթակառույցների բացման արարողությունները (լաբորատորիաներ, համակարգչային սրահներ, համալսարանական «բաց տարածքներ» եւ այլն): Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Յամադային, շեշտելով, որ Ճապոնիայի կառավարությունն ու դեսպանությունը, մեր մյուս գործընկերները ներդրում են կատարել մեր համալսարանի եւ հայ երիտասարդության վաղվա օրվա մեջ:

Մինչ դեսպան Յամադային հիշարժան օրվա կապակցությամբ շնորհակալագիր, Ագրարային համալսարանի «Սերունդ» գինին եւ այլ հուշանվերներ հանձնելը, ռեկտոր Ուռուտյանը դեսպանին եւ ճապոնացի մյուս հյուրերին ողջունեց նաեւ նրանց մայրենի լեզվով:

Շնորհակալագիր եւ հուշանվերներ հանձնվեցին, շնորհակալական խոսքեր հնչեցին նաեւ ԱԿԲԱ ֆեդերացիայի տնօրեն Հարություն Պողոսյանի եւ նրա ներկայացրած կազմակերպության հասցեին:

Կարմիր ժապավենը կտրելուց հետո ներկաները նախագծի գլխավոր խորհրդատու Արամ Ասատրյանի եւ գլխավոր ագրոնոմ Նաիրա Գասպարյանի օգնությամբ ծանոթացան ուսումնափորձարարական ջերմատան առանձին բաժիններին, Ֆարմբոտ ռոբոտի աշխատանքին, առանձին մշակաբույսերի՝ ջարմատան այս առանձնահատուկ պայմաններում աճեցման յուրահատկություններին: Եվս մեկ անգամ շեշտադրվեց այն հանգամանքը, որ ջերմատունը նախ եւ առաջ ծառայելու է ուսումնական, հետազոտական եւ վերապատրաստման նպատակներին: