Eng
clear
Արմավիրի մարզում գործող «Վիպեկո» լաբորատորիան իր տեխնոլոգիական հագեցվածությամբ տարածաշրջանում եզակի է

Լաբորատորիայում թափոնների վերամշակմամբ և միկրոօրգանիզմների օգտագործմամբ ստանում են հողի պարարտացման, անասնագոմերի խնամքի համար նյութեր, անասնապահության մեջ կիրառելի կերակրի խառնուրդներ, ինչպես նաև միջատասպան նյութեր, որոնք փոխարինում են թունաքիմիկատներին։ Այժմ «Վիպեկոյի» մշակած մանրէի միջոցով ֆերմերները 1 տարվա փոխարեն ընդամենը 2 ամսում կարողանում են ստանալ բնական պարարտանյութ։«Վիպեկո» ընկերության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է, որը լաբորատորիայում ստեղծվող նորությունները ներկայացնում է հայ ֆերմերներին, պատմում արդյունավետության և ապագայի գյուղատնտեսության մասին։ Ակբա Ֆեդերացիան ցանկանում է Հայաստանում տեսնել մրցունակ գյուղատնտեսություն։

«Տարածաշրջանում իր հագեցվածությամբ միակն է «Վիպեկոն», ունի միջազգային ստանդարտ։ Բոլոր սարքավորումները նոր են, 5-րդ սերնդի, հագեցած են էլեկտրոնային հաղորդող սարքերով, ինչի շնորհիվ սմարթֆոնի վրա կարող ես լաբորատորիայի գործունեության ամբողջ պրոցեսը տեսնել։ Ակբա Ֆեդերացիայի հետ համագործակցում ենք շուրջ 3 տարի։ Ակբա Ֆեդերացիան ամբողջ Հայաստանում ունի մեծ ցանց և ագրարային ոլորտի գործընկերներ. վերջիններիս Ակբա Ֆեդերացիան ներկայացնում է մեր արտադրանքը, սեմինարներ կազմակերպում և պատմում, թե ինչ ենք անում մենք, որ գյուղում ապրող անասնապահը, հողագործը իմանա ժամանակակից տեխնոլոգիաների մասին ու կիրառի»,- նշում է «Վիպեկո Արմենիա» ընկերության տնօրեն Արա Հակոբյանը։

«Վիպեկոյի» արտադրանքները բացի տեղական շուկայից մեծ պահանջարկ ունեն նաև արտասահմանում։Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: