

Telagri-ն մարքեթփլեյս է, որտեղ ֆերմերները կապվում են առաջատար մասնագետների հետ առցանց խորհրդատվությունների համար։
Ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Իրակլի Չիկավայի և համահիմնադիր և գործառնական տնօրեն Վալերի Ամիրանաշվիլիի հետ առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2024թվականի դեկտեմբեր ամսին Երևանում, որտեղ նրանք ներկայացրեցին ընկերության հիմնական գործունեությունը և օգտակարությունը ֆերմերների հետ տարվող աշխատանքներում։
Երկրորդ հանդիպման ժամանակ մարտ ամսին արդեն մեր կողմից ներգրավվեցին մի քանի հայ ֆերմերներ, որոնց հետաքրքրել էր Telagri-ի ծառայությունները։ Այնուհետև մեր ֆերմերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց փորձնական կիրառել մարքեթփլեյսը և այդ համատեղ աշխատանքներին մասնակցություն ունեցան նաև ագրոնոմ մասնագետները։ Ներկայումս այդ աշխատանքները ընթացքի մեջ են։

Ապրիլի 23-ին վրացական կողմի հրավերով այցելեցինք Վրաստան։ Եղանք Քարթլի տարածաշրջանում տեղակայված Վրաստանի ագրարային համալսարանի կենտրոնում, որը ունի մեծ հողատարածքներ, որտեղ մշակում են խաղողի էնդեմիկ սորտեր, հացահատիկ և պտղատու այգիներ։ Կենտրոնի ներկայացուցիչը ներկայացրեց իրենց գործունեությունը, ինչպես են կիրառում Telagri-ի ծառայությունը և ինչ արդյունավետություն ունի այն։ Մանրամասն ներկայացվեց տեղադրված սարքերի ( եղանակի կանխատեսման կայան, խոնավաչափեր և այլ ընդունիչներ) վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես են դրանք աշխատում , ինչպես է տեղեկատվությունը հավաքագրվում և փոխանցվում Telagri համակարգ։

Հանդիպումները շարունակվեցին Telagri-ի Թբիլիսիում գտնվող գրասենյակում։ Այստեղ ընկերության տարբեր աշխատակիցներ ներկայացրեցին հավելվածը , ֆերմերների և ագրոնոմ-խորհրդատուների գրանցման կարգը, ֆերմերի կողմից խնդիրը հավելվածում ներկայացնելու քայլերը, խորհրդատվության տրամադրումը ագրոնոմի կողմից , ինչպես նաև վճարումների իրականացումը, ֆերմերների կողմից ծառայության գնահատումը և հավելվածի այլ հնարավորություններ։
Հարցազրույց եղավ նաև համագործակցող բանկի ներկայացուցիչի հետ, ով ներկայացրեց, թե բանկի համար որքան կարևոր է Telagri-ի ծառայությունը ՝ մոնիթորինգներ իրականացնելու, խնդիրները ժամանակին բացահայտելու և ռիսկերը մեղմելու տեսանկյունից։
Հանդիպումները անցան ջերմ մթնոլորտում, քննարկումները բաց էին և կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը շարունակական կլինի։
Հայաստանում փորձարկումներն անցնելուց հետո կընտրվեն այն ուղիները, որոնցով հնարավոր կլինի Telagri-ի ծառայությունները ներկայացնել ֆերմերների ավելի լայն շրջաններում։