Հայկական SmartPig ընկերության կողմից ստեղծված տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է դարձել առանց մարդկային միջամտության 97% ճշգրտությամբ կշռել խոզերի քաշը։ Գործիքի հեղինակները արհեստական բանականության Computer Vision տեխնոլոգիայի միջոցով, փորձել են անասնապահությունը դարձնել ավելի «խելացի» և վերահսկելի։SmartPig-ը Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի համատեղ իրականացվող ֆելոուշիփ ծրագրի շահառուներից է: Շուրջ մեկ տարի իրականացվող տարբեր դասընթացների, հանդիպումների արդյունքում նախագիծը հայտնվել է զարգացման նոր փուլում:
«10.000-ից 20.000 խոզ ունեցող մեծ ֆերմաներում կա լրջագույն խնդիր, քանի որ անասնաբույժները չեն հասցնում հետևել բոլոր խոզերին և չեն նկատում շատերի մոտ առկա պահելաձևի շեղումները, որոնք կարող են ազդակ լինել խոզերի հիվանդ լինելու մասին։ Մենք մշակել ենք փուլային զարգացման նախագիծ, ըստ որի առաջիկա տարիներին նախատեսում ենք դուրս գալ Բելառուսի, Ուկրաինայի, Լեհաստանի շուկաներ, այնուհետև Եվրոպա, Չինաստան և Ամերիկա։ Մեր նպատակն է, որ մեր ստեղծած պրոդուկտը ասոցացվի Հայաստանի հետ և մենք մեր երկիրը մեծ պատվով ներկայացնենք արտերկրում։ Այս փուլում մեզ շատ են օգնել Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի կողմից իրականացվող դասընթացները, որոնք մեզ լայն նեթվորքինգի և ծանոթությունների հնարավորություն են տվել»,- նշել է SmartPig ընկերության նախագծերի ղեկավար Դավիթ Արզումանյանը։
SmartPig նախագիծը մարդկային միջամտությունը կրճատում է երեք անգամ, որի արդյունքում նվազում է խոզերի տարբեր հիվանդություններով վարակվելու ռիսկը:
Նախագծի հաջորդ արտադրանքը, որը թեսթավորման փուլում է, դիտարկելու է խոզերի պահելաձևը և կատարելու վերլուծություն, ինչը ավելի քան 40%-ով կկրճատի ֆերմայի պահպանման համար իրականացվող ծախսերը:Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։