Ակբա Ֆեդերացիան հիմնադրումից մինչև այսօր համագործակցել է 53 ստարտափների հետ, որոնց 47%-ը հաջողել ու շարունակել է գործունեությունը, այն դեպքում, երբ համաշխարհային պրակտիկայում առհասարակ հաջողում են ստարտափների միայն 10%-ը։
«Կարևորությունը կայանում է նրանում, որ ստեղծենք միջավայր և հնարավորություններ, որպեսզի երիտասարդները մնան մարզերում և տեղում կրթվելով՝ զարգացնեն իրենց շրջապատը, միջավայրն ու տարածաշրջանը։ Մեր հիմնական առաքելությունն է կրթել այդ երիտասարդներին, զարգացնել և տանել առաջ։ Մեզ հետ համագործակցող ստարտափների 47%-ը շարունակում են իրենց գործունեությունն ու քայլում առաջ՝ ներգրավելով բազմաթիվ նոր աշխատակիցների։ Դա նշանակում է, որ գաղափարից գործող բիզնես դառնալուց բացի նրանք նպաստում են նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։
Իր գործունեությամբ Ակբա Ֆեդերացիան մշտապես փորձում է երիտասարդների համար ավելի գրավիչ դարձնել գյուղատնտեսությունը։ Ֆերմերային տնտեսություններում գյուղատնտեսությամբ զբաղվողների տարիքը բարձր է. անհրաժեշտ են թարմ ուժեր և նոր գաղափարներ:
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: