Երևանից Տավուշի Նորաշեն գյուղ տեղափոխված Գարիկ Փայտյանն ու Էսթեր Զաքարյանը որոշեցին ապացուցել, որ գյուղական կյանքը կարող է լինել ոչ միայն խաղաղ, այլև ստեղծագործական ու հաջողության հնարավորություններով լի։
Երևանի պետական համալսարանի շրջանավարտներ Գարիկն ու Էսթերը ամուսնությունից հետո վերադարձան Գարիկի հայրենի գյուղ՝ Նորաշեն՝ սեփական գործը սկսելու նպատակով։ Սկզբնական փուլում դժվարությունները բազմաթիվ էին, սակայն կամքի ուժն ու համառությունը նրանց օգնեցին ստեղծել յուրահատուկ վայր՝ Զովակ հյուրատունը։
Հյուրատուն հիմնելու գաղափարը Գարիկի մոտ առաջացել էր դեռ 2016-ին, երբ զբոսաշրջիկների համար Տավուշում հատուկ արշավներ էր կազմակերպում ու առաջանում էր գիշերակացի խնդիր։ Արդեն 2018-ից հյուրատունը սկսեց զբոսաշրջիկներ ընդունել, իսկ 2021-ին երիտասարդները հյուրատանը կից գաստրոբակ ստեղծեցին՝ հնարավորություն տալով իրենց հյուրերին համտեսել ավանդական տավուշյան ուտեստները։
Զովակ հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցներով երիտասարդները կարողացել են ավարտուն տեսքի հասցնել գաստրոբակը և աշխատել տարվա բոլոր եղանակներին:
«Զովակն իմ պապական տունն է, այստեղ մենք սկսել ենք հյուրեր ընդունել դեռ 2018 թվականին՝ առանց ներդրումներ կատարելու։ Երբ որոշեցի հյուրատան սենյակը վերանորոգել, նախատեսված գումար չունեի։ Ինքս եմ սովորելով վերանորոգել։ Հետագայում մենք խնդիր ունեինք բոլոր սեզոններին սպասարկել զբոսաշրջիկներին, և երբ Ակբա Ֆեդերացիան և NABU Հայաստանը մրցույթ հայտարարեցին գաստրոբակերի զարգացման համար, մենք էլ դիմեցինք ու հաջողեցինք. այժմ կարողանում ենք հաղթահարել սեզոնայնությունը։ Ցանկացած աջակցություն ոչ միայն կարևոր է գործում, այլև ինչ-որ ժամանակահատված «առաջ է գցում»։ Ես շատ երիտասարդների համար օրինակ եմ ցանկանում լինել, թե ինչպես կարելի է գյուղում զրոյից սկսել և հաջողել»,- նշում է Զովակ հյուրատան հիմնադիր Գարիկ Փայտյանը։
Զովակ հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Նորաշեն գյուղում (հեռ. +374-95-56-45-28)։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: