Eng
clear

Ավետիսյան ընտանիքի որդին՝ Դավիթն է որոշել, որ տունը պետք է դարձնել նաև  հյուրատուն։ 2018-ին սկսեց շինարարությունը, սենյակներ ավելացրեց, բացօթյա սրճարան կառուցեց և տունը հյուրերի համար դարձրեց ցանկալի վայր։  Այստեղ աշխատում են ընտանիքով. բոլորն իրենց ներդրումն ու մասնակցությունն ունեն։Դավիթն արդեն 4 տարի վարպետանում է նաև գինեգործության մեջ. «Բերկրի» գինիները շուտով կլինեն վաճառքում՝ մասնագիտացված խանութներում։ Հյուրատան հյուրերին էլ առաջինը ներկայացնում է իր մառանը, գինու պատմությունը, պատրաստման եղանակը, իսկ վերջում՝ համտես կազմակերպում։«Բերկրին» Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով կառուցվել է հացի փուռ, հյուրատան համարներն են նորոգվել, կահույք է գնվել և հյուրատանը սկսվել է աշխատանքային եռուզեռը։

«Մեր բարեկամությունը, ընկերությունը, երբ Հայաստան էր գալիս, կամ դրսից էին գալիս մեր մարզ, պարտադիր մեր տանը պետք է սնվեին, 10-20 հոգով մեր տանն էին մնում: Ասում էին ձեր սնունդը համով է, լավ եք ընդունում, սպասարկում: Այսպես ընտանիքում որոշեցինք ու ընտանեկան բիզնես ստեղծեցինք: Մի պահ էր եկել, որ սենյակների քանակը պետք է ավելացնեինք: Երկուսն ունեինք, երկուսն էլ պետք էր, բայց միջոցներ չունեինք: Ակբա Ֆեդերացիայից աջակցություն ստացանք, ավելացրեցինք տավուշյան կոլորիտով փուռ, ուր մաստեր կլաս ենք անցկացնում, և երկու ննջասենյակի վերանորոգում ու կահավորում կատարեցինք։ Ներդրման շնորհիվ կարողացանք մեր ֆինանսական միջոցները կրկնապատկել»,- նշում է Դավիթ Ավետիսյանը:

«Բերկրի»-ում հյուրերի համար կազմակերպում են նաև փռում հացի թխման, գոբելենագործության ու գորգագործության մաստեր կլասեր, էքսկուրսիաներ և քայլարշավներ տեղի պատմամշակութային վայրեր։ «Բերկրի» հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում: Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 83.8 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: