Աշխարհի 65 երկրում գործող շուրջ 100 «Իմփաքթ Հաբերի» ցանցն ընդհանուր առմամբ 24000 անդամ ունի: Այժմ «Սյունիք Իմփաքթ Հաբում» ծնվող ու զարգացող բիզնես գաղափարների մասին կիմանան ամբողջ աշխարհում:
«Իմփաքթ Հաբի» երևանյան մասնաճյուղին ԱԿԲԱ Ֆեդերացիան աջակցում է արդեն մի քանի տարի. համայնքներում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը միտված բազմաթիվ գաղափարներ են կյանքի կոչվել այս ընթացքում: Սյունիքի մարզ «Իմփաքթ Հաբ» հարթակը տանելու գաղափարը ԱԿԲԱ Ֆեդերացիայի առաջարկն էր:
«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդները չլքեն իրենց տարածքը, մնան իրենց գյուղում, շրջապատում և այդ շրջանում մնալով՝ զարգացնեն իրենց գաղափարները, ավելի ուժեղ դարձնեն իրենց համայնքը»,- նշել է ԱԿԲԱ Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:
«Այս ծրագիրը մեկ տարի առաջ ենք սկսել: Գորիսում ստարտափներին օգնելու և զարգացնելու հնարավորությունը մեզ ոգևորեց: Շատ կարևոր է, որ ԱԿԲԱ Ֆեդերացիան նույնպես ֆինանսավորում է այս ծրագիրն ու օգնում լավագույն գաղափարներին»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախարար-խորհրդական, Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:
«Երբ մենք ծրագիրը սկսեցինք իրականացնել՝ հասկացանք, որ ուզում ենք երկարատև դարձնել այն՝ հենց այստեղ լինելով ու բացելով «Իմփաքթ Հաբ Սյունիքը»: ԱԿԲԱ Ֆեդերացիան կանգնեց մեր կողքին և ասաց, որ պատրաստ է աջակցելու, որպեսզի «Իմփաքթ Հաբ Սյունիքը» բացվի և գործի»,- նշել է «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:
Ոլորտային սահմանափակումներ «Սյունիք Իփաքթ Հաբը» չունի, հարկ եղած դեպքում նոր գաղափարներ ունեցողները կապ կհաստատեն արդեն փորձառուների հետ, դասախոսություններ կլսեն ու կկարողանան ճիշտ կազմակերպել իրենց բիզնես ապագան: «Սյունիք Իփաքթ Հաբը» կարող է լուրջ խթան դառնալ Սյունիքի մարզի երիտասարդների նախաձեռնությունները կենտրոնացնելու, առաջնորդելու և կյանքի կոչելու գործում։