Eng
clear
Սյունիքում երիտասարդները զարգացման նոր միջավայր ունեն:

Արդեն մեկ տարի Գորիսի Իմփաքթ Հաբը Սյունիքում զարգացնում է սոցիալական ձեռնարկատիրությունը։ Կենտրոնն իր շուրջն է համախմբել երիտասարդներին ու  ձեռներեցներին՝ մարզային միջավայրը ակտիվացնելու և զարգացնելու համար։Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ բացված Իմփաքթ Հաբ Սյունիքը 3 կարևոր խնդիր է լուծում. կրթական բաղադրիչն աջակցում է սոցիալական ձեռներեցներին, համախմբում է մարզային երիտասարդությանը, ինչպես նաև տրամադրում է «coworking» տարածք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աշխատել ազատ միջավայրում։

Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանի խոսքով սահմանամերձ համայնքը զարգացնելու և ամրացնելու համար նման նախաձեռնությունները կարևոր են։ Իսկ առանց կրթական բաղադրիչի՝ որևէ բիզնեսի երկարակյաց չի կարող լինել։«Այստեղ երիտասարդական տարբեր ծրագրեր են իրականացվում և նրանք կարողանում են զարգանալ, աշխատատեղ ստեղծել Սյունիքում։ Ծրագիրը նպաստում է, որ երիտասարդները մնան Սյունիքում, այլ ոչ թե տեղափոխվեն Երևան կամ արտագաղթեն Հայաստանից։ Մեզ համար կարևոր է ունենալ այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կարող են իրենց ծրագրերը գաղափարից մինչև իրագործում շղթան կյանքի կոչել»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։

«Մարզերում կարևոր է աշխուժություն ապահովել։ Եթե կա աշխուժություն, ապա կա կյանք, կան ներդրումներ և սա նպաստում է նրան, որ երիտասարդները մարզից դուրս չգան։ Սա հիմա կարևոր է, որ մնանք հենց մեր միջավայրում ու մարզերը ակտիվացնենք, ոչ թե լքենք։ Առանց Ակբա Ֆեդերացիայի երևի հնարավոր չէր լինի, որ մենք այս տարածքն ունենայինք։ Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ կարողացանք տարածքին նոր շունչ տալ և աշխատել որպես Ինփաքթ Հաբ»,- նշել է Իմփաքթ Հաբ Սյունիքի գործառնական բաժնի համակարգող  Արփա Հակոբյանը։«Այս պահին ունենք կանանց ձեռնարկատիրության զարգացման 15 նախաձեռնություն Սյունիքի տարբեր անկյուններից։ Մեզ համար առաջնային է կրթական կենտրոնացվածությունը և բիզնեսի պլանավորման ու իրականացման համար կրթական դասընթացները, մենթորների հետ հանդիպումները և այն մասնագիտական ցանցը, որ առաջարկում ենք»,- նշել է Իմփաքթ Հաբ Սյունիքի ծրագրերի ղեկավար Ռաիսա Աղաբեկյան։Առաջիկայում էլ Գյումրում կբացվի Իմփաքթ Հաբի 3-րդ մասնաճյուղը։ Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: