Հայկական AI AM ստարտափը նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ մշակել է արհեստական բանականությամբ աշխատող գործիք, որի շնորհիվ միայն հեռախոսի տեսախցիկն օգտագործելով՝ հնարավոր կլինի նախապես ամբողջական տեղեկատվություն ստանալ ինտենսիվ այգիների բերքի քանակի և որակի վերաբերյալ։ Գործիքը թույլ կտա նախապես հաշվել բերքի քանակը, քաշը, որոշել մրգի հասունության աստիճանը, ինչպես նաև գնահատել ծառերի վիճակն ու առկա խնդիրները։AI AM-ի հիմնադիրը Անդրանիկ Ուգուջյանն է, ում ստարտափը Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի ֆելոուշիփի շահառուներից է: 2023-ի ֆելոուշիփը նորարարական մոտեցումներով գյուղատնտեսական խնդիրներ լուծող ստարտափների համար էր, որի մասնակիցներն ամբողջ տարի օգտվել են Իմփաքթ Հաբի էկոհամակարգի առավելություններից:
«Ակբա Ֆեդերացիան և Իմփաքթ Հաբը մեզ համար կազմակերպեցին դասընթացներ, որոնց նպատակը մեր բիզնեսի առաջխաղացումն էր։ Ակբա Ֆեդերացիան նաև լայն նեթվորքինգի հնարավորություն տվեց մեզ, որի շնորհիվ մեծ աջակցություն ստացանք ստարտափի հետագա զարգացման համար։ Մեր գործիքով առաջին փուլում իրականացնում ենք մոնիթորինգ, երկրորդ փուլում հավաքագրում ենք այգու մասին ողջ տեղեկատվությունն ու արհեստական բանականության միջոցով կատարում օպտիմիզացման աշխատանքներ։ Առաջարկում ենք բիզնեսին, թե ինչպես կրճատել արտանետումները և անալիտիկ գործիքներ տալիս կառավարման գործընթացը հեշտացնելու ուղղությամբ։ Հավաքագրում ենք տեղեկատվությունը և աշխատանքներ կատարում արտանետումները կրճատելու համար»,- նշել է AI AM ստարտափի հիմնադիր Անդրանիկ Ուգուջյանը։
Նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է ստեղծել էլեկտրական ինքնավար մեքենաներ, որոնք կկարողանան ինքնուրույն նկարահանել այգին, իրականացնել մոնիթորինգ և մասնակցություն ունենալ գյուղատնտեսական աշխատանքներին։Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։