Eng
clear
Բերքի փառատոնը՝ նորարարության և ավանդույթների խաչմերուկում

Արդեն 12-րդ անգամ Հայաստանում անցկացվեց «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը», որին այս տարի Հայաստանից և արտերկրից մասնակցեցին ավելի քան 200 ֆերմերներ, ձեռներեցներ ու արտադրողներ։ Փառատոնի կազմակերպիչը «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունն է, աջակիցներից մեկը՝ Ակբա Ֆեդերացիան, որը Հայաստանում խթանում է նորարարական գյուղատնտեսությունը, նպաստում գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև ձեռնարկում հնարավորը՝ ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Փառատոնի մասնակիցները հնարավորություն են ստացել ոչ միայն ներկայացնել իրենց արտադրած գյուղմթերքն ու ծառայությունները, այլև գտնել նոր գործընկերներ և հաստատել գործարար կապեր։

«Շատ կարևոր է նորարար ու ժամանակակից գյուղատնտեսության տարածումը   Հայաստանում: Ակբա Ֆեդերացիան այս նպատակով տարվա ընթացքում 21 սեմինար է կազմակերպել ավելի քան 350 ֆերմերային տնտեսության մասնակցությամբ։ Սրանով մենք լուծում ենք շատ կարևոր խնդիր՝ լրացնելով Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում առկա գիտելիքի պակասը»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։

«Ակբա Ֆեդերացիայի հետ համագործակցում ենք ավելի քան չորս տարի, համատեղ բավականին աշխատանք ենք իրականացրել՝ փառատոնին հրավիրելով նաև իրենց հետ համագործակցող մոտ մեկ տասնյակ ֆերմերների: Ակբա Ֆեդերացիայի կողմից աջակցություն ստացող ձեռներեցները տարբերվող են. նրանց բոլորի արտադրանքն արդեն բրենդավորված ու փաթեթավորված է և իրենց տեղն են զբաղեցնում հայկական շուկայում։ Նրանք այսօր նաև քայլեր են ձեռնարկվում արտահանման ուղղությամբ»,- նշել է «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը։Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։