

Արդեն 10-րդ անգամ Հայաստանում անցկացվում է «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը», որի շրջանակում ֆերմերներն ու գյուղատնտեսները ներկայացնում են Հայաստանի բարիքներն ու գյուղական խոհանոցը: Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը։Փառատոնի կազմակերպման և իրականացման աջակիցներից մեկը Ակբա Ֆեդերացիան է, որն Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Հայաստանի ամբողջ տարածքում նպաստում է գյուղատնտեսության, ինչպես նաև գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի աշխուժացմանը։Այս տարի «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնի» շրջանակում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ 3 տաղավարում 6 ընկերություն հնարավորություն է ստացել ներկայացնել սեփական արտադրանքը՝ գինիներից մինչև չրեր ու գյուղոլորտի զարգացման համար տեղական արտադրության ագրոպարարտանյութեր:

«Մենք արդեն մի քանի տարի է, ինչ այս միջոցառումը կազմակերպելու գործում միացել ենք «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությանը: Մենք կարևորում ենք այս միջոցառումը, քանի որ այստեղ ներկայանում են երիտասարդ ֆերմերային տնտեսություններ, որոնք մեր բանկի շահառուներ են: Մեր նպատակն է այս երիտասարդ ֆերմերային տնտեսությունների համար նոր շուկաներ բացահայտել»,– նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:

«Այս փառատոնի հիմնական նպատակն այն է, որ ֆերմերները գան և սպառողին ներկայացնեն իրենց արտադրանքը: Բացի այդ, այս փառատոնը հարթակ է, որտեղ ֆերմերները ստեղծում են նոր կապեր, ձեռք են բերում նոր հնարավորություններ: Ակբա Ֆեդերացիան արդեն 3-րդ տարին է, ինչ աջակցում է ոչ միայն «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին», այլև աջակցում է բազմաթիվ ֆերմերների, արտադրողների, որպեսզի կարողանան ներկայացնել իրենց արտադրանքը»,– նշել է «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնի» համահիմնադիր Նունե Սարուխանյանը:
Բացի ավանդական գյուղմթերքից, փառատոնի շրջանակում ներկայացված են նաև օրգանական մթերքներ, որոնք իրենց օրգանական մթերք արտադրողի սերտիֆիկացումն անցել են Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU–ի համատեղ «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում: