

«Կանաչ» ուսուցման կենտրոնը հիմնել է «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը։ Կենտրոնը ֆերմերներին և գյուղատնտեսությամբ հետաքրքրվողներին տալիս է կրթություն և պրակտիկա։Այժմ «Կանաչ» ուսուցման կենտրոն այցելող ֆերմերները հնարավորություն ունեն սովորել կարտոֆիլի ուղղահայաց մշակության, անփուշ մոշի, 12-ից ավելի անանուխի տեսակի ու տասնյակ այլ մշակաբույսերի աճեցման տեխնոլոգիաներ։ Կենտրոնի նախկին քարքարոտ ու ամայի տարածքում, որտեղ ոչինչ չէր աճում, հիմա 200-ից ավելի մշակաբույս կա։«Կանաչ արահետ» ՀԿ-ի գործընկերն Ակբա Ֆեդերացիան է, որի հետ համագործակցությամբ Հայաստանում ներդրվում է նորարար գյուղատնտեսության տեխնոլոգիաներ։ Գործնական գիտելիքներով և նոր տեխնոլոգիաների ուսուցմամբ ֆերմերները կարողանում են ստեղծել արտադրանք, որն ավելի մրցունակ է որակ/գին հարաբերակցությամբ։

«2015-ին հասկացա, որ պետք է ստեղծել ուսուցման կենտրոն, որ մարդիկ գան ու ստանան ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև սովորեն կատարելով։ Այսպես ծնվեց գաղափարը ու ձեռք բերեցինք 1,5 հա մակերեսով տարածք, որը նման էր «անապատի» և հենց այս «անապատում» էլ ստեղծեցինք կենտրոնը։ Մարդիկ պետք է իմանան, որ չկա վատ հող, կա հողի վրա վատ կամ լավ աշխատող։ Այս ուսուցման կենտրոնի նպատակն է ֆերմերի «ձեռքից բռնած» անցնել հողից շուկա շղթան. այդպես ֆերմերի ինքնագնահատականն ավելի է բարձրանում ու ավելի ոգևորված է աշխատում։ Ակբա Ֆեդերացիայի հետ մեր համագործակցությունը սկսվել է 2 տարի առաջ։ Մենք սկսեցինք Ակբա Ֆեդերացիայի հետ աշխատել իրենց շահառուների վերապատրաստման ուղղությամբ, կազմակերպեցինք բազմաթիվ դասընթացներ, որոնք բարձրարժեք մշակաբույսերի մասին էին։ Ակբա ֆեդերացիայի հետ մյուս համագործակցությունը կայանում է գյուղոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման շուրջ»,- նշել է «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը։

Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ «Կանաչ արահետի»՝ Տավուշում գործող կենտրոնի համար ներդրվել է «էլեկտրական հովիվների» համակարգ, որը ևս նորարար գյուղատնտեսության կարևոր մաս է։Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: