Eng
clear
Գյուղատնտեսական բիզնեսի խորհրդատուների առաջին այցը VIPECO  և AEON ընկերություններ

Օրվա առաջին կեսում այցելություն էր Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գործող կենսաբանական մանրէներ արտադրող VIPECO ընկերություն։ Ընկերության հիմնադիր Արա  Հակոբյանի կողմից մանրամասն կերպով ներկայացվեց, թե ինչպես կարելի է գյուղացիական տնտեսություններում ընկերության կողմից արտադրվող  մանրէների օգնությամբ ՝ տերևներից, ճյուղերից, կենսաբանական և կենցաղային տարատեսակ աղբից 3-4 ամսվա ընթացքում ստանալ հողին և բույսերին անհրաժեշտ , ավելի քան 5000 միկրոտարրերով հարուստ կոմպոստ: Խորհրդատուները ականատես եղան, թե պրակտիկորեն ինչպես է իրականացվում կոմպոստի ստացման համար խառնուրդի պատրաստումը , ինչպես նաև ծանոթացան այդ կոմպոստի օգտագործման կոնկրետ օրինակին՝ ուղղահայաց եղանակով կարտոֆիլի մշակությանը ։

Միաժամանակ ներկայացվեց  մանրէների կիրառումը ,որոնք հնարավորություն են տալիս անասնապահներին վերացնել հոտերը անասնաշենքերում, որը դրական ազդեցություն ունի կաթի որակի , կենդանիների և մարդու առողջության պահպանման վրա։ 

Օրվա երկրորդ մասում այցելությունը AEON ընկերություն հնարավորություն տվեց խորհրդատուներին ծանոթանալու ընկերության կողմից նախագծած և արտադրվող հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերերի արտադրության առաջադեմ համակարգին։Համակարգը իրենից ներկայացնում է կենտրոնական / կառավարող/ համակարգը և խցիկները։ Հիդրոպոնիկ մեթոդով աճեցրած անասնակերը շատ լավ միջոց է հանդիսանում կաթնամթերք և մսամթերք արտադրող ֆերմերների համար, որոնք չունեն բավարար հող՝ անհրաժեշտ քանակությամբ կանաչ անասնակեր արտադրելու համար: Հիդրոպոնիկ մեթոդով ստացված անասնակերով կարելի է կերակրել բոլոր ընտանի կենդանիներին և թռչուններին՝ կովերին, խոզերին, ոչխարներին, այծերին, ձիերին, ճագարներին, ինչպես նաև` հավերին, սագերին, բադերին, հնդկահավերին: Խորհրդատուները սպառիչ պատասխան ստացած իրենց բարձրացրած հարցերին այս արտադրանքի կիրառաման,արդյունավետության և զարգացման վերաբերյալ։

Ընկերության հիմնադիրներ Մհեր և Սաթիկ Մեհրաբյանները ներկայացրեցին ընկերության պատմությունը, նպատակները և հեռանկարները գյուղատնտեսության զարգացման գործում, մասնավորապես նշելով, որ արտադրության գործում ընդգրկված են 44-օրյա պատերազմին մասնակցած երիտասարդները , որոնք ցանկանում են իրենց մասնակցությունը ունենան մրցունակ հայկական արտադրանքի արտադրության և կատարելագործման գործում։