Eng
clear
Գյուղատնտեսության ճշգրիտ վերլուծություն

ACBA Federation/Impact Hub Երեւանի կրթաթոշակների ծրագրի շրջանակում Aragil (Հայկական գյուղատնտեսության ոլորտում նորարարական լաբորատորիաներ) ստարտափը ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Impact Hub-ի յուրօրինակ էկոհամակարգի անդամ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություններ տարբեր ոլորտների մենթորների, այդ թվում նաև ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ մասնագետների կողմից՝ ըստ ստարտափի զարգացման ընթացում առկա կարիքների: ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ Aragil ստարտափի հետ կնքել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակում փորձարկումների իրականացման համար թիմին տրամադրվել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար նախատեսված անօդաչու թռչող սարք: Ֆեդերացիան  մշտապես աջակցում է նաև փորձարարական աշխատանքներին:
Ինչպես ստանալ աջակցություն գյուղատնտեսական Start Up-երին տեսանյութ

Aragil ստարտափի իրականացրած աշխատանքներ

Անօդաչու թռչող սարքերի կիրառումը գյուղատնտեսության ոլորտում օր օրի ավելի արդիական է դառնում: Սարքերի կողմից օդային լուսանկարահանումները կատարվում են տեսանելի և ջերմային տիրույթներում: Դրանք կարող են հեռարձարկել պատկերը իրական ժամանակում. այս դեպքում գործընթացը մի քանի անգամ ավելի արագ ու արդյունավետ է, քան դաշտային աշխատանքներին ոտքով և հորիզոնական դիրքից հետևելը: Անօդաչու սարքերը հնարավորություն են տալիս անհրաժեշտության դեպքում ստանալ արդիական և արդյունավետ տեղեկատվություն:

Սարքերի շնորհիվ հնարավոր է կազմել դաշտերի էլեկտրոնային քարտեզներ, ինչպես նաև 3D մոդելներ, իրականացնել հողերի, մշակաբույսերի, բերքի և ոռոգման համակարգերի մշտադիտարկում, հաշվարկել վեգետացիոն ինդեքսները, կանխատեսել բերքատվությունը, հայտնաբերել քայքայված, չորային կամ գերխոնավ հողակտորները, հետևել բերքահավաքի ընթացքում աշխատանքի որակին: Բոլոր օբյեկտների ճշգրիտ կոորդինատներով դաշտերի քարտեզագրական բազայի ստեղծումը հնարավորություն կընձեռի հետագայում իրականացնել տեսողական վերլուծություններ՝ ընդհուպ մինչև մի քանի սմ/պիքսել ճշգրտության:

Մինչ ԱԿԲԱ  ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ հետ համագործակցության մեկնարկը Aragil թիմի կողմից գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման համար Կոտայքի մարզի Արզական համայնքում օգտագործվել է DJI phantom 3 անօդաչու թռչող սարքը: Աշխատանքները բաղկացած են եղել 2 մասից`

  1. դաշտային,
  2. գրասենյակային:

1-ին փուլում կատարվել է տարածքի օդալուսանկարահանում երկու փուլով: Այն իրականացվել է 3 հա դաշտերի վրա, որոնք կազմված են երեք մասից. առաջինը պտղատու այգի է, երկրորդը՝ ազատ վարելահող, իսկ երրորդը՝ ազնվամորու դաշտ: Առաջին փուլում անօդաչու սարքը թռիչքն իրականացրել է 50մ բարձրությունից: Նկարների համադրության առավելագույնը գործակիցը եղել է 80%: Երկրորդ փուլում անօդաչու սարքը թռչել է 10մ բարձրության վրա: Թիմի հիմնական խնդիրն էր՝ ձեռք բերել բարձրորակ լուսանկարներ, ինչը հնարավորություն կտար ստանալ ազնվամորու դաշտի 3D թվային մոդելը:
Հողագործության ոլորտի արդյունավետ պլանավորումն ու կառավարումն անհնար կլինի առանց բերքի և գյուղատնտեսական հողատեսքերի մասին տեղեկատվության: Գյուղատնտեսական հողատեսքերի և ցանքատարածությունների մասին արդյունավետ և վստահելի տեղեկատվություն կարելի է ստանալ հեռահար զոնդավորման միջոցով: Գյուղատնտեսական մշակաբույսերի վերաբերյալ տեղեկատվության ստացման համար Aragil թիմի կողմից օգտագործվել են եվրոպական Sentinel 2A արբանյակի նկարները:

NDVI (Normalized Difference Vegetation Index)

Վերջին շրջանում մեծ տարածում է գտել արբանյակային նկարների միջոցով վեգետացիոն ինդեքսների հաշվարկումը և դրա օգտագործումը գյուղատնտեսական հողատեսքերի մշտադիտարկման և ցանքատարածությունների բերքատվության կանխատեսման ընթացքում: Դրանց շարքում ամենատարածվածը NDVI (Normalized Difference Vegetation Index) վեգետացիոն ինդեքսն է: NDVI-ը հնարավորություն է տալիս հետևել բույսերի կենսազանգվածի զարգացմանը վեգետացիոն ողջ շրջանում: Բույսերի կանաչ տերևները կլանում են էլեկտրամագնիսական ալիքները կարմիր սպեկտրում և արտացոլում մոտակա ինֆրակարմիր սպեկտրում: Որքան մեծ է մշակաբույսերի տերևների կանաչ զանգվածի մակերևույթը,  և որքան շատ քլորոֆիլ կա տերևներում, այնքան բույսերն ավելի լավ են կլանում իրենց վրա ընկնող կարմիր լույսը և քիչ են անդրադարձնում այն: Ինդեքսը  հաշվարկվում է վեգետացիոն ամբողջ շրջանում, և դրա արդյունքները տարբեր են բույսերի աճի, ծաղկման և հասունացման ժամանակ: Վեգետացիոն շրջանի սկզբում ինդեքսը մեծանում է, ծաղկման ժամանակ՝ կանգ առնում, ապա արժեքը սկսում է նվազել՝ կախված գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացման աստիճանից:

Aragil թիմի կողմից հաշվարկվել է Կոտայքի մարզի Արզական համայնքի գյուղատնտեսական հողատեսքերի NDVI վեգետացիոն ինդեքսը վեգետացիոն ողջ շրջանում: Կատարված հետազոտությունների արդյունքը հիմք է հանդիսացել ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ հետ համագործակցության համար: Այս համագործակցությունը ստարտափին առավել մեծ հնարավորություններ կընձեռի  փորձարկումների իրականացման և ավարտուն արտադրանքի ձևավորման ընթացքում, ինչի արդյունքում նաև հնարավոր կլինի հիմնել գործուն բիզնես և օգտակար ծառայություններ  մատուցել գյուղատնտեսներին:

Հունիսի 16-ին մեկնարկեցին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար նախատեսված անօդաչու թռչող սարքի միջոցով հետազոտությունների իրականացման առաջին փորձարարական աշխատանքները: